Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ավելի լավ է հիվանդ լինել, քան հանցավոր անպատասխանատու

Ավելի լավ է հիվանդ լինել,  քան հանցավոր անպատասխանատու
05.12.2014 | 00:37

«Հիվանդացեք, մնացեք տանը, մի՛ եկեք քվեարկության կամ չգիտեմ, ես եկել եմ՝ կոչ անելու հատկապես գործարարներին»,- ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունից առաջ իր գործընկերներին կոչ է արել Զարուհի Փոստանջյանը:
Միայն առաջին հայացքից կարող է թվալ, որ Զարուհու դիտարկումը պոպուլիստական է: Իրականում մեր քաղաքակական կյանքը, որոշումների կայացման ողջ փիլիսոփայությունը կառուցված են անպատասխանատվության գործոնի վրա:
Խնդիրը ԵԱՏՄ-ի, մի քանի օր քննարկվող պայմանագրի բովանդակությունը չէ, այլ խորքային մի հարցադրում՝ ինչքա՞ն են մեր պատգամավորները տեղեկացված, թե հանուն ինչի են քվեարկում:
Ես, օրինակ, լսել եմ ու հասկանում եմ ԵԱՏՄ պայմանագրին դեմ քվեարկած յոթ պատգամավորների մոտիվացիան՝ անկախ այն հանգամանքից՝ ինչքան է այն հիմնավոր կամ պոպուլիստական, փաստարկված կամ հռետորաբանական:
Խորհրդարանական մեծամասնության կառուցվածքն այնպիսին է, որ դրանում քաղաքական բաղկացուցիչը հավասարեցված է նվազագույնի: ՀՀԿ-ի շարքերում կան բանիմաց, կրթված, ժամանակակից քաղաքականության պահանջներին համապատասխանող պատգամավորներ, բայց նրանք քիչ են, իսկ տոն է տալիս անդեմ մի զանգված, որը զբաղված է ամեն բանով՝ գործարարությամբ, բարեգործությամբ, չգիտեմ՝ էլ ինչով, բայց ոչ պատգամավորական աշխատանքով:
Մեր իրականության տխուր երևույթն այն է, որ նմանատիպ ապաքաղաքական կառուցվածք ունեն իշխանության ու ընդդիմության հիմնական կուսակցությունների պատգամավորական խմբակցությունները, իսկ դա հուշում է, որ խորհրդարանում դժվար է ակնկալել քաղաքական որակյալ բանավեճ, տեսակետների լուրջ բախում: Ըստ էության, արտահայտվողները մի քանիսն են, մնացածը «կոճակ սեղմողներ» են: ՈՒ ես չեմ զարմանում, որ Զարուհին առաջարկում է հանցավոր անպատասխանատվությունը փոխարինել գոնե պասիվ անպատասխանատվությամբ, հիվանդանալ, չգալ խորհրդարան, չմասնակցել քվեարկության որևէ օրինագծի, որի տեքստը անգամ մեր օրենսդիրներից շատերը չեն կարդացել:
Ճիշտ հասկանանք. ես կոնկրետ ԵԱՏՄ-ի դրական կամ բացասական կողմերի մասին չէ, որ խոսում եմ, այլ մեր քաղաքական համակարգի որակի: Մենք կարող էինք Եվրամիության հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը կամ վարվեինք այնպես, ինչպես արեցինք հիմա՝ վավերացնելով պայմանագիրը, որ մեզ դարձնում է ԵԱՏՄ-ի անդամ: Ի վերջո, կար երրորդ ճանապարհը, որն ընտրել է Ադրբեջանը՝ չստորագրել ասոցացման պայմանագիրը, բայց նաև չդառնալ ԵԱՏՄ-ի անդամ:
Երեք սցենարներից յուրաքանչյուրը պարունակում է թե զարգացման ռեսուրս, թե ռիսկայնություն: Ամեն բան կախված է էլիտայի որակից, ադեկվատ որոշումներ ընդունելու նրա կարողությունից, մանևրելու ունակությունից:
Հենց նման որակներն են պակասում մեր էլիտային, խորհրդարանական մեծամասնություն, այլընտրանքային փոքրամասնություն ու ընդդիմություն կոչվածին, ու այս հանգամանքն է, որ ճգնաժամ, փակուղի է ստեղծում՝ գրեթե անհաղթահարելի, անլուծելի, որի պարագայում Զարուհու կոչը չարյաց փոքրագույնն է համարվում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ